
ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին
Հուլիսի 3-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկման մասին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի սկզբում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո: