
Հայաստանի VBET Գավաթի խաղարկության անակնկալները
(Խմբ.) Մեր գործընկերներ «Վան» և «Նորավանք» ֆուտբոլային ակումբներին շնորհավորում ենք 2021/2022 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ, և մաղթում գավաթի նվաճում:
«Վանը» և «Նորավանքը» միակ մարզային ակումբներն են, որոնք հասան Հայաստանի VBET Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
«Վանը» 2021-22 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հյուրընկալվել էր «Փյունիկին»։ Խաղի ֆավորիտ համարվում էր հենց «Փյունիկը»։ Սակայն, «Վանը» հենց սկզբից լուրջ դիմադրություն ցույց տվեց մրցակցին։ Խաղն ընթանում էր լարված պայքարում՝ առանց գոլերի։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0–0 հաշվով (ոչ-ոքի)։ Լրացուցիչ ժամանակ, որը նույնպես չորոշեց հաղթողին։ 101–րդ րոպեին «Փյունիկի» հերթական դիրքային գրոհը փորձեց սրել Յուրի Գարեգինյանը՝ կատարելով կտրող փոխանցում։ «Վանի» պաշտպան Ալեքսանդր Ստեպանովի անփույթ խաղի պատճառով գնդակը փոխեց ուղղությունը և հայտնվեց Արման Մելիքսեթյանի դարպասում, ով արդեն մեկ անգամ հետ էր մղել մրցակցի 11-մետրանոցը։
Սակայն, «Վանը» չհանձնվեց. չնայած հոգնածությունն ակնհայտ էր։ Նրանք գնացին մինչև վերջ։ Գրանցված ինքնագոլից հետո Ստեպանովն անընդհատ փորձում էր ուղղել իր սխալը։ 117–րդ րոպեին դա անել նրան հաջողվեց։ Անկյունայինի խաղարկումից հետո «Վանի» պաշտպանը (Ալեքսանդր Ստեպանովը) գլխի հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը։ Հաղթողը որոշվելու էր 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ «Նյարդերի» պայքար, որում «Վանը» հաղթեց մրցակցին, իսկ հերոսն Արման Մելիքսեթյանն էր։ Նա հետ մղեց ևս երկու 11-մետրանոց։ «Վանը» հաղթեց հարվածաշարը 4–2 հաշվով և դուրս եկավ 2021-22 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
«Նորավանքն» իր առաջին տարին է անցկացնում Հայաստանի բարձրագույն խմբում։ Այս թիմն արդեն հասցրել է ամուր և պայքարող թիմի անուն հանել։ 2021-22 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղը բացառություն չէր։ Նրանք հյուրընկալել էին բարձրագույն խմբի առաջատար «Արարատ-Արմենիային»։ Այստեղ կրկին հաղթողի հավակնորդը երևանյան թիմն էր։ Առաջին խաղակեսի միջնամասում «Նորավանքը» կարողացավ բացել խաղի հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո Թեմուր Մուստաֆինը գլխի հարվածով բացեց հաշիվը։ «Արարատ-Արմենիան» բաց թողած գոլից հետո նետվեց կորցրածը հետ բերելու։ 59–րդ րոպեին նրանց հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց, քանի որ Զաքարիա Սանոգոն ձեռքով էր խաղացել։ «Նորավանքի» համար անկյունայիններն այս խաղում բախտորոշ եղան։ 69–րդ րոպեին հերթական անկյունայինի խաղարկումը գոլով ավարտեց «Նորավանքի» հարձակվող Սերգեյ Օրլովը։ «Արարատ-Արմենիան» շատ արագ կրճատեց խաղի հաշիվը։ 71–րդ րոպեին անկյունայինի խաղարկումն այս անգամ հաջող էր` պտուղներ բերեց հյուրերին։ Յուսուֆ Օտուբանջոն բավականին բարդ դիրքից կարողացավ գնդակն ուղարկել դարպասը։ Սա առավելագույնն էր, որ կարողացան անել հյուրերը։
«Նորավանքը» հաղթեց 2։1 հաշվով, և կշարունակի պայքարը 2021-22 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում։
ՆՈՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ