
Արման Աբելյան. «Հայաստանի հավաքական. Ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ սպասել»
Ամբողջ համացանցը, ինչպես միշտ, ողողված է հիմնականում ծայրահեղական կարծիքներով: Ամենավատն այն է, որ ամեն ինչ շատ միակողմանի է ներկայացվում: Հասկանում եմ՝ շատ ցավոտ հաշիվ է, բայց ինչ-որ բան շտկելու համար կոնկրետ շտկումներ են պետք, ոչ թե դատարկ մեղադրանքներ, հաճախ՝ պարզապես վիրավորանքներ: Պարզապես մարդկանց խումբ կա, որ ամեն ինչից «հասկանում» է ու իրեն իրավունք վերապահում այսօր «վերլուծել» ֆուտբոլը, վաղը՝ առողջապահությունը, և այդպես շարունակ:
Փորձեմ իրավիճակին մոտենալ տարբեր կողմերից ու հնարավորինս օբյեկտիվ պատկեր ստեղծել: Գուցե փոքր-ինչ երկարաշունչ լինի, բայց միայն այդպես է հնարավոր բազմակողմանիություն դրսևորել, այլ ոչ թե փորձել հարցի միայն մեկ կողմով դատողություն անել:
Ինչո՞ւ ձախողեցինք բուն խաղը
Նախ ընկերական խաղ էինք անցկացրել Չեռնոգորիայի դեմ: Հաղթեցինք 1-0 հաշվով ու հատկապես պաշտպանվելու առումով բավականին որակյալ խաղ անցկացրինք, մենապայքարներում առնվազն չզիջեցինք, ինչը շատ կարևոր է: Մրցակիցը մինչև մեր կարմիր քարտը նույնիսկ գոլային պահ չուներ: Բայց մենք, ինչպես միշտ է լինում, կրկին գլխապտույտի մեջ ընկանք՝ հաշվի չառնելով, որ Չեռնոգորիան մեզ այդպես էլ լուրջ խնդիրներ չառաջադրեց: Լինենք անկեղծ, մրցակիցը վատ էր գրոհում, ու մենք մեր թույլ տեղերը պարզապես չտեսանք: Հետո եկավ Նորվեգիայի դեմ հանդիպումը:
Շատերը Նորվեգիան ընկալում էին պարզապես որպես Էռլինգ Հոլանդի թիմ, բայց դա իրականության հետ կապ չունի: Այո՛, նա սուպերհարձակվող է, սակայն Նորվեգիան շատ ուժեղ ու մարտունակ է որպես թիմ, ընդ որում, զորեղ է ոչ միայն մենապայքարներում, այլև կոմբինացիոն ու արագ խաղով: Այսինքն, եթե մրցավեճից առաջ նայեինք իրատեսորեն՝ նկատի ունենալով մեր կազմի ոչ օպտիմալ լինելը, պարզ էր, որ Նորվեգիան կարող էր հաղթել օրինակ 3-4 գոլի առավելությամբ:
Ինչո՞ւ նման հաշիվ եղավ: 10 հոգով մնալուց հետո ամեն ինչ քանդվեց: Առանց այդ էլ բարդ էր, գումարվեց դա, իսկ մեր հավաքականն իր մակարդակով ուղղակի ի զորու չէ 20-րդ րոպեից մեկ ֆուտբոլիստով պակաս խաղալով լավ մրցակցել նման թիմի դեմ: Հաշիվը դարձավ 6-0: Դրան գումարվեց Վարազդատ Հարոյանի վնասվածքը, որը մեր պաշտպանական գծի գլխավոր հենասյունն էր: Դրանից հետո ևս 3 գոլ բաց թողեցինք:
Ընդունում եմ, որ առավել ևս հավաքականն իրավունք չունի թեկուզ 10 հոգով մնալուց հետո նման կերպ «դադարեցնել» խաղը: Դա, իհարկե, անընդունելի է: Մյուս կողմից, միայն մեզ հետ չէ, որ այդպես է պատահում: Նույն ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ անցկացրած 4 խաղակեսերից 3-ում խաղով գերազանցելով նրան, առաջին գոլն ընդունելուց հետո այլևս ոչինչ չարեց խաղադաշտում: Նույնը «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղում եղավ «Յուվենտուսի» հետ: Սրանք ամենաթարմ օրինակներն են: Այո՛, հոգեբանությունը ֆուտբոլում շատ կարևոր է: Նորից նշեմ՝ ես չեմ արդարացնում նման հաշիվը, 10 հոգով մնալուց հետո գրեթե չպայքարելը, բայց ներկայացնում եմ, թե դա ինչու եղավ ու որ այդպիսի բան միայն մեզ հետ չէ, որ պատահում է:
Հետաքրքիր է, որ ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը մեկ դեղին քարտ ենք ստացել, դա էլ այն դեպքում, երբ հատկապես առաջին կեսում ամենևին մեղմ չէինք խաղում (Հոլանդը թույլ չի տա ստել): Պատճառը շատ պարզ է՝ մրցակցին թիմային արագությամբ այնքան էինք զիջում, որ ուղղակի չէինք հասցնում նրա հետևից, ուր մնաց՝ կանոնները խախտեինք:
Հիմա հարցեր Խոակին Կապառոսին․
1․ Արդյո՞ք արժեր պաշտպանական գծի կենտրոնում Հարոյանի կողքին վստահել 19-ամյա Ստյոպա Մկրտչյանին: Նա բավականին լավ էր խաղացել Չեռնոգորիայի դեմ, բայց նախ Նորվեգիան Չեռնոգորիա չէ, և հետո՝ հավաքական առաջին անգամ հրավիրված Մկրտչյանի համար չափազանց ծանր չէ՞ր լինի միանգամից դիմակայել Հոլանդի պես հարձակվողին: Հասկանում եմ, որ Տարոն Ոսկանյանն ու Անդրե Չալըշըրը վնասվածքներ ունեին: Հանդիպման ընթացքում խաղադաշտ մտավ Հովհաննես Նազարյանը, որը նորամուտը նշեց հավաքականում: Վերջինս հրավիրվել էր Չալըշըրի փոխարեն: Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի գոնե Հրայր Մկոյանին հրավիրել հավաքական ու վստահել այդ դիրքում: Նա, իհարկե, լիովին չէր փակի Հոլանդին, բայց այդպես գոնե նման սթրեսի չէինք ենթարկի Ստյոպա Մկրտչյանին, որը պարզապես պատրաստ չէր նման մրցակցի դեմ խաղալուն: Իսկ Հարոյանի փոխարինվելուց հետո կենտրոնական պաշտպանի դիրքում նոմինալ աջ պաշտպան Դավիթ Տերտերյանն էր, իսկ այդպես, բնականաբար, պետք է քաոս լիներ վերջին րոպեներին:
2․ Մինչ հանդիպումն էլ պարզ էր Նորվեգիայի ուժեղագույն կողմը: Նրանք անընդհատ փորձում են մրցակցի հենակետային գոտու հատվածում թվային առավելություն ստանալ ու այդպես զարգացնել գրոհները: Դա, բնականաբար, հիանալիորեն գիտեին նաև մեր մարզիչները, բայց ոչ մի կերպ չխանգարեցինք մրցակցին: Ուդոն ու Սպերցյանը «տանջվեցին» այդ հատվածում, կենտրոնական պաշտպաններն էլ չէին կարողանում փոխօգնության հասնել, որովհետև կարող էին Հոլանդին բաց թողնել: Դրա համար Նորվեգիան այդ հատվածում մշտապես ունենում էր 3-ը 2-ի դեմ, 4-ը 2-ի դեմ առավելություն: Իր առաջին 2 գոլերն էլ այդ առավելությունն օգտագործելով խփեց:
Կապառոսը կարող էր արձագանքել հանդիպման ընթացքում, բայց դա արեց շատ ուշացումով, երբ արդեն 4 գոլ էինք ընդունել ու մնացել 10 հոգով: Նա անցավ 3 կենտրոնական պաշտպանով խաղի, իսկ նրանց առջևից իրար մոտ խաղում էին 3 կենտրոնական կիսապաշտպաններ: Սխեմայի փոփոխությունը նշված խնդիրը որոշ չափով լուծեց (դրանից հետո կրկին երևաց մեր մշտական խնդիրը՝ ստանդարտների ժամանակ խայտառակ պաշտպանվելը, ինչի պատճառով ամեն խաղում առնվազն 1 գոլ ենք ընդունում): Այնպես որ, Կապառոսը պետք է ավելի օպերատիվ գտնվեր, առավել ևս, որ նշված խնդիրը շատ ակնառու էր:
Կարծիքներ հնչեցին, թե եթե Հենրիխ Մխիթարյանը հավաքականում լիներ, նման հաշիվ չէր գրանցվի: Նախ, ոչ ոք չէր ասել, թե առանց Հենրիխի հավաքականն ավելի ուժեղ է դառնալու: Եվ հետո, երբ Հենրիխն անցած տարի հավաքականում էր, 0-6 ու 0-5 հաշիվներով պարտվեցինք համապատասխանաբար Գերմանիային ու Հս․ Մակեդոնիային: Նույնն էլ հակառակը՝ եթե առանց Հենրիխի Նորվեգիայի հետ օրինակ ոչ-ոքի խաղայինք, չէր նշանակի, թե նրա հեռանալն է մեզ օգնել ավելի լավ խաղալ: Բոլոր հանդիպումները նույն հարթության մեջ չդնենք, խոսում ենք Նորվեգիայի դեմ մրցավեճի մասին, իսկ այստեղ Հենրիխի ներկայությունը շատ բան չէր փոխելու: Նա լավն է, երբ ստանում է նաև թիմի աջակցությունը, իսկ մենակ թիմին առաջ տանել հազվադեպ էր ստացվում: Մխիթարյանը խաղադաշտում իր խաղով էր առաջատար, իսկ նման հոգեբանական անդունդում դա չէր փրկի:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս Հայաստանի հավաքականը
Կապառոսն այս ընթացքում բավականին մեծացրեց հավաքականի թեկնածուների ցանկը: Ներքին առաջնությունից հրավիրվեցին մարդիկ, որոնց ոչ ոք չէր սպասում ընտրանու կազմում, նաև չվախեցավ պատանիների ու երիտասարդների վստահել: Նաև ֆեդերացիային հաջողվեց լայնորեն օգտագործել սփյուռքի ներուժը: ԲԱՅՑ:
Հրավիրվածներից քչերն են ամրապնդվում հավաքականում, շատ քչերը: Այսինքն, մենք կրկին այն իրավիճակում ենք, որ միևնույն դիրքում դժվարությամբ ենք գտնում 2 հավասարազոր ֆուտբոլիստների (թերևս բացառությամբ առջևի գծի 1-2 դիրքերի): Ուստի թեկուզ մեկ կարևոր ֆուտբոլիստի բացակայություն մեզ վրա շատ թանկ է նստում: Օրինակ՝ այս անգամ չկար հիմնական աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, Նորվեգիայի դեմ խաղում էր Մոնրոյ Արարատը, որը թերևս 3-րդ ընտրությունն է այդ դիրքում (կա նաև Դավիթ Տերտերյանը): Նորվեգիայի դեմ խաղում էր «Կադիսում» առանց խաղային պրակտիկայի մնացած Վարազդատ Հարոյանը, որը մեզ համար անփոխարինելի է, Ստյոպա Մկրտչյանից էլ արդեն խոսեցինք: Ամենևին էլ հուսադրող պատկեր չէր այս առումով:
Նորվեգիայի դեմ չխաղաց հիմնական հենակետային Արտակ Գրիգորյանը, առջևի գծում չկային Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանը: Ինչքան էլ ասեք, թե Ադամյանն ու Բալեկյանը գոլահարներ չեն ու նրանց «պարտության տանեք» Յուրա Մովսիսյանի հետ անիմաստ դիմակայությունում, այդ ֆուտբոլիստները նաև պաշտպանական ահռելի աշխատանք են կատարում: Իզուր չէ, որ ասում են՝ թիմում առաջին պաշտպանը հարձակվողն է: Ադամյան-Բալեկյան հարձակման դուետով ԱԱ 2022-ի ընտրական փուլում 2 խաղ ենք անցկացրել, 2-ում էլ հաղթել ենք, ընդ որում՝ խաղի որակը լավն է եղել: Այս տղաների բացակայությունն էլ կարևոր գործոն է, որի մասին պետք է խոսել:
Եվ այսպես՝ եկանք եզրակացության, որ հավաքականին իսկապես մեծ օգուտ տվող ֆուտբոլիստների թիվն իրականում այնքան էլ մեծ չէ:
Թեման շարունակենք: Հզոր թիմերի դեմ լավ պաշտպանվել չենք կարողանում: Խորվաթիայի, Շվեդիայի, Նորվեգիայի դեմ ընկերական խաղերը վառ օրինակներ են, նաև Գերմանիայի դեմ ընտրական 2 հանդիպումները: Կասեք՝ Խորվաթիայի հետ ոչ-ոքի ենք խաղացել, սակայն այդ օրը բախտը մեր կողմն էր, որովհետև Խորվաթիան անհավատալի դիրքերից էր վրիպում: Այո՛, տարիների ընթացքում առանձին խաղերում կարողացել ենք միավորներ փախցնել անվանի թիմերից կամ գոնե փոքր հաշվով պարտվել, բայց դրանք ընդամենն առանձին դեպքեր են ու օրինաչափության մեջ չեն մտնում:
Նաև հավաքական ենք, որ դժվարանում է խաղալ փակ պաշտպանություն կիրառող թիմերի դեմ: Դա էլ տեսել ենք տարբեր մարզիչների օրոք: 3 անգամ, կրկնում եմ՝ 3 անգամ ոչ-ոքի ենք խաղացել Լիխտենշտայնի հետ, պարտվել ենք Մալթային, Ջիբրալթարին: Եթե սա մեկ անգամ եղած կլիներ, կասեինք՝ պատահականություն էր, գոլային պահերը չիրացրինք, սակայն այս ամենը վաղուց օրինաչափության է վերածվել:
Մնացին միջին մակարդակի թիմերը, որոնց հետ նաև Կապառոսի օրոք հատվածաբար շատ լավ ենք խաղացել: Կարողացել ենք հաջող պաշտպանվել ու հակագրոհել: Ազգերի լիգայի որոշ խաղեր դա հաստատեցին, ընտրական փուլում էլ դա հատվածաբար տեսանք: Մեր հավաքականի օբյեկտիվ պատկերը սա է:
Ի՞նչ անել
Ազգերի լիգայում օբյեկտիվորեն կարող ենք մրցակցել Իռլանդիայի հետ, բայց Ուկրաինային ու Շոտլանդիային խաղամակարդակով զիջում ենք: Իսկապես, 3-րդ տեղ գրավելն արդեն կարող է դրական արդյունք համարվել:
Խնդրում եմ, հավաքականից ինչ-որ բան պահանջելուց առաջ հնարավորին չափ օբյեկտիվ լինել սպասելիքների հարցում: Անհաշվելի են դեպքերը, երբ հավաքականը լավ է խաղացել, երբ իրենից ոչինչ չեն սպասել, ու ձախողվել է, երբ բոլորը պահանջել են մի բան, որ ֆուտբոլիստների ուժերի սահմաններում չէ: Չեմ ասում՝ հավաքականից սպասելիք չպետք է ունենալ: Պետք է: Սակայն, ամեն անգամ ազգովի ասել, որ պետք է եզրափակիչ փուլ մտնենք, տեղին չէ: Մենք մեր տեղը պետք է իմանանք: Երբ այդ հոգեբանական բարդույթը կհաղթահարենք, ճնշմանն էլ կդիմանանք, խնդիր չկա՝ կարելի է նաև նման նպատակների համար պայքարել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն խնդրեց պարտության համար։ Կառույցը նշեց, որ նպատակը ԵՎՐՈ-24-ի եզրափակիչ փուլ մտնելն է: Այնտեղ մրցակարգ է փոխվելու, և տեսականորեն կարող է ավելի հեշտ լինել մրցաշարի ուղեգիր նվաճելը: Այսինքն, մեզ համար նաև Ազգերի լիգան է լինելու նախապատրաստման միջոց: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով ուժեղացրեց հավաքականը՝ նատուրալիզացնելով որոշ ֆուտբոլիստների։ Նաև՝ հրավիրելով մի քանի խաղացողների, որոնց հայկական որևէ ծագում ունենալը մինչ օրս էլ կասկած է հարուցում, ու որոշներին միայն «յան» ազգանունն է հայկական շունչ տալիս: Ինչևէ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, եթե ցանկանար խուսափել հնարավոր նման հաշիվներից, պարզապես չէր կազմակերպի ընկերական խաղեր այդպիսի մրցակիցների հետ: Հիշո՞ւմ եք, թե ո՞ր ընտրանիների դեմ էինք մրցում նախորդած 3-4 տարիներին․ Սենթ Քիթս և Նևիս, Սալվադոր, Գվատեմալա, լավագույն դեպքում՝ Մոլդովա: Կապառոսի օրոք 4 ընկերական խաղ ենք անցկացրել՝ Խորվաթիա, Շվեդիա, Չեռնոգորիա, Նորվեգիա: Այստեղից 3-ը բավականին զորեղ հավաքականներ էին, ու ի սկզբանե էլ պարզ էր, որ մեզնից կարգով նկատելիորեն բարձր էին: Հետևաբար, եթե զգուշանալու ինչ-որ բան լիներ, պարզապես կխուսափեին նման մրցակիցների հետ ընկերական հանդիպումներ անցկացնելուց: Հունիսյան մրցավեճերում մեր շատ թերություններ երևացին, այլ հարց է՝ ինչ դասեր քաղեցինք այդ ամենից:
Կապառոսի ապագայի հետ կապված տարակուսանք կա: Մի կողմից՝ դրական կողմերի մասին բազմիցս ենք խոսել: Հավաքականը նրա օրոք առանձին խաղերում շատ կազմակերպված տեսք ուներ, կա մշտական սխեմա, խաղաոճ, որը հիմնված է թիմային պաշտպանության, հատվածաբար կիրառվող բարձր պրեսինգի ու անընդհատ փոխօգնության վրա: Սակայն, նոյեմբերյան հանդիպումներն ու այս խաղերն այլ կասկածներ առաջացրին:
Իսկ Կապառոսը բաց չի թողե՞լ թիմի ղեկավարման թելը: Ես հավաքականի հանդերձարանում չեմ եղել. չգիտեմ, թե ի՞նչ մթնոլորտ է այնտեղ, բայց կարող եմ որոշակի դատողություններ անել՝ հիմնվելով փաստերի վրա: Հավաքականում անձեռնմխելիներ են հայտնվե՞լ: Ինչպե՞ս կարող է հավաքականում առողջ մթնոլորտ լինել, եթե Տիգրան Բարսեղյանը տարեվերջին տված հարցազրույցում բացեիբաց ծաղրում է մարզչին՝ ասելով, թե նա 2 հոգու «չգիտես որտեղից բերել ու սաստավ է դրել» (նրա բառերով նույնիսկ ավելի կոպիտ է հնչում): Համարյա համոզված եմ, որ մեկը Լուկաս Սելարայանի մասին է, մյուսն էլ, հավանաբար, Նորբերտո Բրիասկո Բալեկյանն է: Նախ, ո՞ր ֆուտբոլիստն իրավունք ունի հրապարակավ այդպես արտահայտվելու իր մարզչի որոշման և թիմակիցների մասին: Փաստորեն, եթե այդ տղաները հայերեն չեն խոսում ու գուցե չեն էլ հասկանում, կարելի է այդպես արտահայտվել նրանց մասին․․․ Սա նորմալ երևույթ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարության ժամանակ Բարսեղյանին նման հայտարարության համար, հավանաբար, այլևս չէին հրավիրի հավաքական: Եթե մարզչից որևէ միջամտություն չկա, նա կկորցնի իր հեղինակությունը նաև մյուս ֆուտբոլիստների առջև:
Վարազդատ Հարոյանն էլ Ազգերի լիգայի վիճակահանությունը մեկնաբանելիս ասել է, որ անցած ընտրական փուլում հավաքականը որոշ խաղերում կա՛մ թերագնահատել, կա՛մ գերագնահատել էր մրցակիցներին: Այսինքն, Հարոյանն անուղղակի կերպով քննադատում է Կապառոսին. չէ՞ որ թիմին հոգեբանորեն պատրաստելու համար գլխավոր պատասխանատուն հենց Կապառոսն է:
Ու նաև դրսից տպավորություն կա, որ թիմում բաժանումները շատ են, և դա նաև նրանից է գալիս, որ սփյուռքից եկած տղաների թիվն է գնալով մեծանում, կա մենթալիտետների մեծ տարբերություն ու այդպիսով նրանց միջև ընդհանուր կապը շատ դեպքերում կորչում է: Այսինքն, բացի այն, որ աստիճանաբար ավելի քիչ ենք տեսնում Կապառոսի ներդրած թիմային խաղը, նաև նման խնդիրներ են նկատվում, որոնք ուղիղ կերպով ազդում են հավաքականի մթնոլորտի, շղթայաբար նաև խաղի վրա:
Կապառոսի մարզչական մակարդակը երբեք կասկածի տակ չեմ դրել ու չեմ էլ դնի: Հայաստանից ով կար՝ համարյա բոլորին տեսանք հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Արդյո՞ք դրսում ավելի լավ տարբերակ կա: Կապառոսը քիչ գումար չի ստանում այստեղ աշխատելու համար, բայց պետք է հասկանալ, որ ավելի երիտասարդ ու ամբիցիոզ որևէ մասնագետի մեր օրերում դժվար թե հետաքրքիր լինի Հայաստանի հավաքականը գլխավորելը: Մյուս կողմից, եթե կա հստակ նպատակ՝ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլը, տարօրինակ կլինի ճանապարհի կեսից մարզչին հեռացնելը, որովհետև նորը պետք է ամեն ինչ զրոյից սկսի: Նման մի բան եղավ Արթուր Պետրոսյանի հետ, երբ նրան անսահման ժամանակ, նաև կադրային ցանկացած փորձարկում կատարելու հնարավորություն տվեցին՝ ասելով, որ նպատակն Ազգերի լիգա 2018-ի մեր ենթախմբում հաղթելն էր: Սակայն, երբ մեկնարկին քիչ ժամանակ էր մնացել, նրան հեռացրին ու հրավիրեցին Վարդան Մինասյանին։ Իսկ թե Վարդան Մինասյանն ինչպես տապալվեց՝ բոլորս ենք հիշում: Բայց արդյո՞ք ֆեդերացիան իսկապես վստահ է, որ մենք ի զորու ենք եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը լուծել, թե՞ այդպիսի հայտարարություն կատարելը պարզապես պատրվակ է՝ ուշադրություն շեղելու համար: Եթե նրանք էլ դա իրատեսական չեն համարում՝ Կապառոսին մեծ գումարներ վճարելու որևէ իմաստ չկա:
Եվ, խնդրում եմ, Իտալիայի 1։9-ն այս խաղի հետ այդքան հաճախ մի համեմատեք․ շատ տարբեր իրավիճակներ են թե՛ մարզչական, թե՛ այլ առումներով: Չեմ կարծում, թե խելամիտ զանգվածի թեկուզ մի մասը պատասխանատվության ամենամեծ բեռն այդ պարտության համար Խաշմանյանի ուսերին է դրել։ Այնտեղ այլ պատմություններ կան:
Այս թեման անվերջ է։ Էլի շատ ասելիք մնաց: Շատ բան կա ասելու նաև երիտասարդական հավաքականի մասին: Բայց վերջում նշեմ՝ խիստ կասկածում եմ, որ մենք մի օր կարող ենք ունենալ զարգացման ծրագիր և միասնաբար առաջ գնալ: Դա մերը չէ… Պարզապես մերը չէ: Ո՛չ համբերություն ունենք, ո՛չ էլ այդքան միասնականություն:
Շատ չխորանալով՝ ընդամենը մի բան, մի հասարակ բան կասեմ․
հավաքական չհրավիրված որոշ ֆուտբոլիստնե՛ր, այդքան բացահայտ ցույց մի՛ տվեք, որ ուրախանում եք հավաքականի անհաջողություններով: Ամոթ է:
Հայ որոշ մարզիչներ, այդքան բացահայտ ցույց մի՛ տվեք, որ ամեն վայրկյան սպասում եք Կապառոսի կամ հավաքականի տվյալ պահի որևէ այլ գլխավոր մարզչի ձախողմանը: Ամոթ է:
Ձեր գործն արեք, հետո մեծ-մեծ խոսեք տարբեր պատերի տակ:
Սա ենք մենք:
Լավ եղեք: