
Ա.Աբելյան. Հայկական թիմերի մարզիչները և «գոլ խփող հարձակվողի» մոլուցքը
Հաճախ է այդպես եղել, բայց վերջին շրջանում հատկապես տարածում է գտել հետևյալ հանգամանքը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր թիմերի մարզիչները պատեհ ու անպատեհ դեպքերում մամուլի ասուլիսներում նշում են, որ իրենց գլխավոր, երբեմն նույնիսկ միակ խնդիրը գոլ խփող կենտրոնական հարձակվող չունենալն է:
Լիովին ընդունելի է, երբ պահերի վատ իրացումից դժգոհում են այն մարզիչները, որոնց թիմերը գերիշխել են խաղադաշտում, ավելի շատ գոլային պահեր են ունեցել, քան մրցակիցները: Բայց մեզանում սա դարձել է մշտական արդարացում, ու հաճախ զավեշտալի է լինում, որ վատ հանդիպում անցկացրած թիմի մարզիչն է հարձակվողի պակասից կամ նրա՝ գոլ չխփելուց խոսում: Պահերը չիրացնելը ոչ միշտ է կապված տվյալ ֆուտբոլիստի վարպետության հետ, դա կարող է լինել նաև հոգեբանական որևէ խնդրից՝ երկար ժամանակ գոլ չխփել և այլն, ուստի այդտեղ էլ մարզիչն անելիք ունի: Հայաստանում չեմպիոն դառնալու համար, այո՛, լավ գոլահարներ պետք են (փորձը դա է ցույց տալիս), բայց առաջնությունում հաղթելու համար լրջորեն, որպես կանոն, ընդամենը 2-3 թիմ է պայքարում:
Ֆուտբոլը փոխվում է: Այսօր երբեմն պարտադիր էլ չէ, որ ընդգծված կենտրոնական հարձակվող ունենաս՝ շատ գոլեր խփելու համար: Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» առանց հարձակվողի խաղալով 99 գոլ խփեց և Անգլիայի չեմպիոն դարձավ, այսօր նմանկերպ խաղալու դինամիկային հետևում են նաև «Բավարիան» ու «Չելսին», և այդպիսի թիմերի թիվն աստիճանաբար մեծանում է:
Ինչպե՞ս են նրանք լրացնում այդ բացը: Իրականում շատ են եզրային կամ նույնիսկ կենտրոնական կիսապաշտպանները, որոնք ունեն գոլահարի բնազդ: «Լավ աչք» ունեցող մարզիչները նրանց ճիշտ դիրքերում են խաղացնում ու առավելագույնը քաղում: Օրինակները շատ-շատ են: Կասեք՝ դե թոփ-թիմերում է այդպես: Ո՛չ: Հայկական թիմերում էլ կան բազմաթիվ կիսապաշտպաններ (թե՛ կենտրոնական, թե՛ եզրային/վինգերներ), որոնք շատ գոլեր են խփել ու խփում: Նշեմ վերջին տարիների օրինակներից մի քանիսը՝ Արտակ Եդիգարյան (2 անգամ առաջնության գլխավոր ռմբարկու է ճանաչվել), Մաիլսոն Լիմա (18 գոլ նախորդ առաջնությունում, 2-րդ տեղ), արդյունավետությամբ աչքի ընկած այլ կիսապաշտպաններ՝ Պետրոս Ավետիսյան, Անդրե Մենսալաո, Էրիկ Վարդանյան, Վլադիմիր Ազարով, Էդգար Մալաքյան, Տիագո Գալվաո: Անցած առաջնությունում «Փյունիկում» 16 գոլ խփած Ուգու Ֆիրմինուին էլ մասամբ կարելի է կենտրոնական հարձակվող համարել, նույն թիմում 8 գոլ խփած Խոսե Կարաբալյոյին՝ նույնպես: Նրանք տարբեր հատվածներում փայլել են, որովհետև առանձին մարզիչներ լավ են աշխատել ու նրանց իրենց այդ վարպետությունը ցուցադրելու հնարավորություն տվել:
Ի դեպ, Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 2 գլխավոր ռմբարկուներից մեկն էլ կենտրոնական հարձակվող չէ՝ ԲԿՄԱ-ից Ժիրայր Շաղոյանը (5 գոլ): Մեզանում վերջին տարիներին հարձակման կենտրոնը կիսապաշտպաններով հագեցնելու փորձեր եղել են, բայց՝ քիչ: ԲԿՄԱ-ն էր անցած մրցաշրջանում բավականին լավ խաղում 2 «կեղծ 9 համարներով», «Արարատը» և «Ուրարտուն» էլ որոշ ժամանակով հանդես եկան առանց հարձակվողի, բայց դա ավելի շատ հարկադրված լուծում էր: Գրեթե չեմպիոնության էր հասնում Դմիտրի Գունկոյի «Նոան», որի հարձակման կենտրոնում կիսապաշտպաններ Ավետիսյանն ու Ազարովն էին խաղում:
Կրկնեմ՝ աշխատել է պետք: Օրինակ՝ Ռահիմ Սթերլինգը միշտ լավ ճեղքումներ ունեցող և պաշտպանների թիկունք բացվող «վինգեր» էր համարվում, բայց որոշ սխալ որոշումների պատճառով գոլեր քիչ էր խփում: Նրա հետ անձամբ սկսեց հենց այդ ուղղությամբ աշխատել Գվարդիոլայի այն ժամանակվա օգնական Միկել Արտետան՝ կատարելով լրացուցիչ վարժություններ։ Սթերլինգը հետագա 3 առաջնություններում 55 գոլ խփեց: Իսկ թե Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» ինչ «հրեշի» վերածեց «շարքային վինգեր» Մոհամեդ Սալահին, բոլորը գիտեն: Համոզված եմ՝ Հայաստանում էլ կան գուցե ոչ բազմաթիվ, բայց նորմալ քանակի կիսապաշտպաններ, որոնց հետ ճիշտ աշխատանքի, նրանց խաղադաշտում հարմարավետ դիրք գտնելու և առաջադրանք տալու դեպքում այդ ֆուտբոլիստները մեկ առաջնությունում գոնե 10-15 գոլ կկարողանան խփել:
Թեմայից մի փոքր դուրս է, բայց ցանկալի կլիներ, որ նմանատիպ՝ ավելի լայնածավալ ու մանրակրկիտ աշխատանք տարվեր նաև թիմերի հայ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, և խոսքը միայն հարձակվողների մասին չէ: Մարզիչները ոչ միայն գոլահարներ են ուզում, այլև «ՊԱՏՐԱՍՏԻ» ֆուտբոլիստներ: 20-21-22 տարեկան ֆուտբոլիստն այդպիսին լինել ուղղակի չի կարող: Նրանց մի՛ վերաբերվեք այնպես, ինչպես 28-29-30 տարեկան խաղացողներին, եղե՛ք ավելի պահանջկոտ, սակայն նաև օգնե՛ք, որ զարգանան, սխալները շտկեն, ոչ թե ամեն օր կրկնեք, որ նրանք պատրաստ չեն Պրեմիեր լիգայում խաղալու, և թեման փակեք: Իսկ թե այդքանից հետո նրանցից «ինչ-որ բան դուրս կգա», թե՝ ոչ, իրենցից է կախված:
ՀԳ.․ Հայաստանի Պրեմիեր լիգայում տակտիկական պայքարի մակարդակը բարձրացել է, ու դա ակներև է: Թող բոլոր թիմերը գոլահար հարձակվողներ ունենան, դեմ չեմ, բայց նախ եկեք ավելի բարձրացնենք առաջնության խաղերի որակը, դիտարժանությունը, իսկ այստեղ մարզիչները մեծ անելիք ունեն: