
Արման Աբելյան. «ԲԿՄԱ. գարնանային հետևություններ»
ԲԿՄԱ-ն նախքան միջազգային խաղերի հետ կապված դադարն այլևս հանդիպում չի անցկացնի, ու կարելի է որոշակի եզրակացություններ կատարել թիմի՝ գարնանն անցկացրած 6 մրցավեճերից հետո: Թիմը մնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տեղում, բայց փորձենք թեմային մոտենալ այլ կողմերից:
ԲԿՄԱ-ի մասին՝ 4 կետով.
- 1. Բանակային թիմը ձմեռային դադարից հետո առայժմ հաղթանակ չի տոնել, բայց փոխարենը 4 ոչ-ոքի է գրանցել՝ 1 միավոր վաստակելով նաև առաջատար «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում: ԲԿՄԱ-ն հոգեբանորեն ավելի կայուն թիմի է վերածվել: Ֆուտբոլիստները նաև ֆիզիկապես են ամրացել, ինչը շատ կարևոր է մեր ներկայիս առաջնությունում, որը չափազանց ուժային է դարձել: Եթե նախորդ հատվածի ԲԿՄԱ-ն կարող էր գոլ ընդունելուց հետո միանգամից կոտրվել, ապա ներկայիս թիմն այս տարի արդեն 2 անգամ ոչ-ոքի է կորզել՝ առաջինը գոլ բաց թողնելուց հետո («Նորավանքի» ու «Նոայի» դեմ խաղերում):
«Նորավանքի» հետ ոչ-ոքին շատ ծանր տրվեց (պատասխան գոլը 85-րդ րոպեին խփեցին), չեմպիոնության համար պայքարող «Փյունիկն» էլ իր միակ ու հաղթական գոլը վերջնամասում խփեց, և այնպես չէ, որ դրան նախորդած ժամանակահատվածում խաղային առումով մեծ առավելություն ուներ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Հետո եղավ «Արարատ-Արմենիայի» հետ ոչ-ոքին: Այո՛, կար նաև բախտի գործոն, որովհետև առաջնության առաջատարը բավարար քանակի գոլային պահեր ստեղծեց գոնե մեկ գոլ խփելու համար, սակայն ԲԿՄԱ-ն էլ «տակ չէր մնում» ու մի քանի հիանալի հակագրոհով աչքի ընկավ: Առավել դուր եկան «Նոայի» և «Վանի» դեմ մրցավեճերը, որոնցում նույն 1-1 հաշիվները գրանցվեցին: Երկուսում էլ ԲԿՄԱ-ն ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեց, հատկապես Չարենցավանի թիմի դեմ խաղում, որտեղ հաղթանակը բաց թողեց ավելացված րոպեներին: «Նոայի» դեմ մրցավեճում առանձնացավ ինտենսիվ ու կազմակերպված պրեսինգը, այստեղ էլ ստեղծեցին սպառնալից պահեր, նույնիսկ վրիպեցին 11-մետրանոց նշակետից: «Ուրարտուին» վերջին հանդիպմանը պարտվեցին 1-4 հաշվով: Այդ խաղում գրեթե ամեն ինչով զիջեցին առաջնության՝ խաղաոճի առումով ամենաոճային թիմերից մեկին, բայց հստակ երևաց նաև խիտ գրաֆիկի պատճառով առաջացած հոգնածությունը, ինչի մասին նաև գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խոսեց: Կարճ ասած, կա դրական դինամիկա: Հիմա գոնե մեկ հաղթանակ է պետք ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար:
- 2. Դեռ աշնանային հատվածում ԲԿՄԱ-ին միացան երկու փորձառու ֆուտբոլիստներ՝ Հայկ Իշխանյանը և Արթուր Գրիգորյանը: Դա նորմալ ընդունվեց: Բայց ձմռանը ԲԿՄԱ-ն նոր համալրումներ ունեցավ, և եկածներն ամենևին էլ բանակային տարիքի ֆուտբոլիստներ չէին: Ռաֆայել Նազարյանը նորեկների ընտրությունը մեկնաբանեց այսպես. «Կան չափորոշիչներ, որոնցով ֆուտբոլիստներ են ընտրվում ԲԿՄԱ-ի համար: Չենք կարող ենք ցանկացած ֆուտբոլիստի հրավիրել ԲԿՄԱ: Եթե ունենում ենք կոնկրետ դիրքի խնդիր, հարցը քննարկում ենք ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ: Մեզ միացող ֆուտբոլիստները պետք է կա՛մ հավաքականում խաղացած լինեն, կա՛մ համարվեն հավաքականի պոտենցիալ ֆուտբոլիստներ»:
Բայց այժմ թիմում կա 4 ֆուտբոլիստ, որոնք երբևէ չեն հրավիրվել ազգային հավաքական, ո՛չ էլ ներկայիս երիտասարդական հավաքականի անդամ են: Ֆուտբոլիստներից մեկն էլ ազգային թիմ հրավիրվել է մեկ անգամ, մասնակցել ընկերական խաղի, որից հետո առայժմ նոր հրավեր չի ստացել: Այսինքն, այստեղ ամեն ինչ շատ «լողացող» է: Մեզանում հայաստանցի ֆուտբոլիստների թիվն այնքան փոքր է, որ գրեթե բոլորը հավաքականի թեկնածուներ են: Հետևաբար, կարելի է հրավիրել միջին տարիքի համարյա ցանկացած հայ ֆուտբոլիստի ու ասել, թե նա ազգայինի թեկնածու է ու կարող է խաղալ ԲԿՄԱ-ում: Ցանկալի կլիներ այս առումով ավելի հստակ լինել: Եթե ակումբում ուզում են թիմն ավելի մրցունակ դարձնել, խնդիր չկա՝ թող անեն դա։ Նույնիսկ լավ է, որ հայկական այլ ակումբներում խաղաժամանակ չստացող 22-24 տարեկան հայ ֆուտբոլիստները գալիս են ԲԿՄԱ և թիմին օգուտ տալիս (օրինակ՝ «Փյունիկից» վարձավճարով եկած Էդգար Մովսեսյանն արդեն 2 գոլ է խփել), սակայն ակումբն այս հարցում թող ավելի կոնկրետ լինի:
- 3. Առաջիկա ընկերական խաղերի համար ԲԿՄԱ-ից 3 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական՝ Արման Ներսեսյանը (դարպասապահ), Ստյոպա Մկրտչյանը (կենտրոնական պաշտպան) ու Արթուր Սերոբյանը (հարձակվողական ոճի կիսապաշտպան): Երեքն էլ արժանի են հրավերի: Ս.Մկրտչյանն իր ֆիզիկական տվյալներով լիովին համապատասխանում է այդ դիրքին, խաղային առումով էլ կայունության է հասել, իսկ Ա.Սերոբյանը տեխնիկապես է լավ պատրաստված, ու կարևոր է, որ նա չի վախենում իր ֆուտբոլը խաղալուց նաև բարդ հանդիպումներում, ֆուտբոլային «չարություն» ունի, ինչը կարևոր հատկանիշ է: Ս.Մկրտչյանը 19 տարեկան է, Ա.Սերոբյանը՝ 18։ Այնպես որ, չշտապենք և հուսանք, որ նրանք չեն մնա ներկայիս մակարդակին ու շարունակաբար կաճեն:
Ռ.Նազարյանը ԲԿՄԱ-ում արդյունավետ աշխատանք է կատարում: Ֆուտբոլիստները, գալով թիմ, դառնում են ավելի կարգապահ, տակտիկապես ավելի ճկուն: ԲԿՄԱ-ի «բերքից» առավել լավ այժմ «Ուրարտուն» է օգտվում, որտեղ Նարեկ Աղասարյանն ու Սերգեյ Մկրտչյանը կարևոր ֆուտբոլիստներ են դարձել։ Նարեկ Գրիգորյանն արդեն նույնիսկ արտասահման է տեղափոխվել (լեհական «Յագելոնիա»)։ Արման Ղազարյանն էլ սկսել է վստահ խաղալ, և ավելի շատ խաղաժամանակ է ստանում: Բայց որոշ մարդիկ կրկին սիրում են ծայրահեղությունների ետևից ընկնել ու ներկայացնում են, թե Ռ.Նազարյանն ուղղակի հրաշք է գործում՝ այս ֆուտբոլիստներով թիմային և անհատական առաջընթացի հասնելով: Այդպես չէ: Իվերջո, ԲԿՄԱ-ում հավաքված են ոչ թե պատահական ֆուտբոլիստներ, այլ փաստացի Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդները, որոնց ճնշող մեծամասնությունը նաև երիտասարդականի անդամներ են: Նաև մարզչի վրա չկա ամեն գնով արդյունքի հասնելու առաջադրանք. ըստ այդմ ինքն իրեն շատ ավելի հանգիստ է զգում, քան VBET Պրեմիեր լիգայում աշխատող մյուս մարզիչները: Սա էլ պետք է հաշվի առնել: Այնպես որ, Ռ.Նազարյանը ոչ թե հրաշք է գործում, այլ կատարում է լավ ու արդյունավետ աշխատանք:
Պետք է հասնել նաև նրան, որ ֆուտբոլիստները հոգեբանորեն է՛լ ավելի ամրացած լինեն, հատկապես ԲԿՄԱ-ից հեռանալու, իսկ ավելի կոնկրետ՝ շատերի համար «հարմարավետության գոտին» լքելու ժամանակ: Նրանց մեծ մասը վաղ թե ուշ վերադառնալու են իրենց մայր ակումբներ, և հարկավոր է լինելու խաղաժամանակի համար «կռիվ տալ»: Ժիրայր Շաղոյանի օրինակը ցույց է տալիս, որ դա ամենևին էլ հեշտ խնդիր չէ: Այնպես որ, պետք է կամքի ուժ դրան հասնելու համար, այլ ոչ թե կրկին շահարկել լեգեոնականների թեման, կամ բոլոր խնդիրները փնտրել ամենուր, բացի իրենց ներսից:
- 4. Եվ երկու բառով՝ ԲԿՄԱ-ի խաղաոճի մասին: Նախ, այս թիմը տակտիկապես բավականին հասուն է. կարող է հեշտությամբ հանդես գալ 3-4 տարբեր սխեմաներով, բայց հիմնականում՝ 3 կենտրոնական պաշտպանով սխեմաներն է նախընտրում: Գնդակը երկար խաղարկել չեն սիրում, այլ դավանում են ավելի ուղղահայաց ֆուտբոլ, դեպի առաջ փոխանցումները շատ են: Հատկապես վերջին շրջանում սկսել են շատ ավելի կարգապահ պաշտպանվել, այդ թվում՝ հատվածաբար խոր պրեսինգով խաղալ, ինչը հիանալի ստացվեց հատկապես «Նոայի» դեմ մրցավեճում:
ԲԿՄԱ-ն իր գրոհները հաճախ երկար-օդային փոխանցումներով է սկսում: Բնական է, որ փորձառու և լեգեոնական մրցակիցներն օդային մենապայքարներում հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունեն: Բայց ԲԿՄԱ-ն առանձնանում է այլ հանգամանքով. խոսքը «երկրորդ գնդակներ հավաքելու» հմտության մասին է: Այս առումով հիանալի են աշխատում հատկապես միջին գծի ֆուտբոլիստները, որոնք տիրում են հետ եկած գնդակներին ու գրոհ սկսում իրենց թիմի համար: Շատ վտանգավոր են ԲԿՄԱ-ի հակագրոհները. կան խաղացողներ, որոնց փայլուն կերպով համապատասխանում է նման խաղաոճը:
Ուրախ կլինեմ, որ ԲԿՄԱ-ում, ինչպեսև հայկական ֆուտբոլին վերաբերող այլ կառույցներում, դրական ու բացասական տեսակետներն ընդունեն ոչ թե սրերով, այլ փորձեն հարցին մոտենալ կառուցողական, եթե, իհարկե, ուղղորդված ոչինչ չեն տեսնում: Միայն դրականը լսելով առաջ չենք գնա, իսկ քննադատության մեջ կարող է 50%, գոնե 20%-ն ինչ-որ ինֆորմացիա տալ, մտածելու տեղիք տալ, ինչն արդեն իսկ օգուտ կլինի:
Մինչև միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը VBET Պրեմիեր լիգայում ևս մեկ տուր կա, որը նույնպես խոստանում է շատ հետաքրքիր լինել: