
Ա. Մելիքբեկյան. «Արմատախիլ անել պայմանավորված խաղերը»
Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,
Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի: Համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից, փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։
Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է Առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։
Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։