«Նիկարմ» ՖԱ-ը նշում է հիմնադրման 22-ամյակը (31.07.22)
Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը հուլիսի 31-ին նշեց իր հիմնադրման 22-ամյակը։ Միջոցառման մաս էր կազմում ակումբի 22-ամյակին նվիրված ֆուտբոլային միջմարզային մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ մարզերից ժամանած 2010թ. ծնված ֆուտբոլիստների 8 թիմ՝ «Աղբյուրակ 10», «Գառնի 10», «Սևան 10», «Լալվար 10», «Տաշիր 10», «Իջևան 10», «Օլիմպիկ 10» և «Արևաշող 10»։
Եզրափակչում ուժերը չափեցին «Իջևան 10» և «Սևան 10» թիմերը։ Մրցաշարի գավաթը նվաճեց «Իջևան 10» թիմը (3։1 հաշվով)։
Մրցաշարից դուրս ֆուտբոլային հանդիպմամբ հանդես եկան «Նիկարմ» ակումբի վետերանների և «44-օրյա պատերազմի իջևանցի մասնակիցներից ձևավորված» թիմերը։
Ֆուտբոլային հանդիպումների ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։
Միջոցառման կայացմանն աջակցել է «Իջևանի գինու գործարանը»՝ մասնակից ակումբներին և անհատներին նվիրելով իր արտադրանքի նմուշներից։
Միջոցառման գլխավոր հովանավորն էր ՀՀ կապի ոլորտում գործունեություն ծավալող «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։
Միջոցառման ուղիղ հեռարձակումն ապահովում էր Junior Football TV-ն։
Միջոցառման ողջ ընթացքում մարզադաշտի տարածքում տիրում էր ջերմ, ընկերական, սպորտային մթնոլորտ։ Ուրախալի է, որ մարզերում տեղի են ունենում սպորտային նման միջոցառումներ։ Թող դրանց թիվն աստիճանական աճ գրանցի։
Sport+ TV-ն էլ միանում է բոլոր շնորհավորանքներին, և «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին մաղթում կայուն վերելք և նոր հաղթանակներ։