Արման Աբելյան. «Նորավանքի» ֆենոմենի և մարզչական նոր սերնդի մասին»
Հայաստանի նորընծա գավաթակիր «Նորավանքի» ֆենոմենի, մարզչական նոր սերնդի և երկարաժամկետ նպատակներից չհրաժարվելու մասին
Մեծ անհամբերությամբ էր սպասվում VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նորավանք» – «Ուրարտու» հանդիպումը: Իր դեռ նույնիսկ 2 տարին չբոլորած «Նորավանքը», որը ներկայացնում է Վայոց Ձորի մարզը, պետք է խաղար Հայաստանի եռակի գավաթակիր «Ուրարտուի» հետ: «Նորավանքը» ձմռանն ուժեղացրել էր կազմը, կայունացրել ելույթները Պրեմիեր լիգայում ու ճանաչելի ձեռագիր ստացել, իսկ «Ուրարտուն» էլ պահպանել էր մարտունակ թիմի համբավը՝ համալրված Հայաստանի հավաքականում խաղացած/խաղացող ֆուտբոլիստներով, լավ լեգեոնականներով ու Հայաստանի ամենամեծ ակադեմիայի լավագույն սաներով և իր խաղաոճից չհրաժարվելու մտադրությամբ:
Սա պետք է լիներ Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ մարզիչների՝ Վահե Գևորգյանի ու Ռոբերտ Արզումանյանի մարզչական դիմակայությունը: Նրանք ունեն հստակ, միաժամանակ միմյանցից բավականին տարբեր հայացքներ այն մասին, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղա տվյալ թիմը: Բայց եթե Արզումանյանն ընդամենը 2 տարի է, ինչ աշխատում է գլխավոր մարզիչ, ապա Գևորգյանը, թեպետ ընդամենը 34 տարեկան է ու ֆուտբոլիստի կարիերա չի ունեցել, սակայն արդեն երկար ճանապարհ է անցել՝ մանկապատանեկան ֆուտբոլ, Առաջին խումբ, գլխավոր մարզչի օգնական Բարձրագույն խմբում, աշխատանք արտերկրում, հիմա էլ՝ առաջին մրցաշրջանը Պրեմիեր լիգայում որպես գլխավոր մարզիչ:
«Նորավանքը» հաղթեց 2-0 հաշվով․ ինչի՞ շնորհիվ
«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայում գնդակ ամենաշատ վերահսկող թիմն է: Եթե դու նրան ժամանակ և տարածություն ես տալիս, ապա այդ թիմը կարող է պատժել, քանի որ տիրապետում է կոմբինացիոն խաղին, նաև առջևի գծում կատարողների պակաս չունի: Դա քաջ գիտակցում էր նաև «Նորավանքը», որը կամային հաղթանակ էր տարել «Ուրարտուի» նկատմամբ միմյանց միջև առաջնությունում կայացած վերջին խաղում:
Դրա համար էլ Գևորգյանի թիմը հենց սկզբից սկսեց բարձր ինտենսիվությամբ խաղալ (այդպես գարնանային հատվածում գրեթե միշտ է խաղում): «Նորավանքը» բարձր պրեսինգով ճնշում էր գործադրում «Ուրարտուի» նկատմամբ, փորձում էր թույլ չտալ, որ նրա ֆուտբոլիստները գնդակը խաղարկելու հնարավորություն ունենան: Առավել մեծ ճնշման տակ էին կենտրոնական պաշտպանները, որոնք լավ առաջին փոխանցմամբ սկսում են թիմի գրոհները, ինչպես նաև 3 կիսապաշտպանները՝ Աղասարյան-Մկրտչյան-Իվու եռյակը, որի գործողությունները սահմանափակելը չափազանց կարևոր էր «Նորավանքի» համար:
Դա մեծամասամբ ստացվեց: Մեծ աշխատանք կատարեցին «Նորավանքի» կիսապաշտպաններն ու հարձակման գծի ֆուտբոլիստները, որոնց պրեսինգն արգասաբեր էր: Առաջին խաղակեսում անձրև էր տեղում, ինչը նույնպես որոշ չափով խանգարեց «Ուրարտուին», քանի որ ցածրից փոխանցումների ժամանակ գնդակը շատ արագ էր ընթանում: «Նորավանքը» հաշիվը բացեց անկյունայինի խաղարկումից հետո, իսկ անկյունայինը վաստակել էր հենց ներկայացված իրավիճակից հետո՝ պրեսինգ, ինչից հետո «Ուրարտուն» կորցրեց գնդակը:
Հիմա անկյունայինների մասին: «Նորավանքը» գավաթի խաղարկությունում մինչ այդ 5 գոլ էր խփել, որից 4-ը՝ անկյունայիններից հետո: «Ուրարտուն» պետք է պատրաստ լիներ վտանգի հենց անկյունայինից հետո, սակայն կարգապահ չխաղաց ու գոլն ընդունեց հենց անկյունայինից:
«Նորավանքի» հաջողության մյուս գրավականը երկրորդ խաղակեսում կարգապահ ու համբերատար խաղն էր: «Ուրարտուն» ընդմիջմանը հաջորդած 15 րոպեում իսկական ցունամի առաջացրեց, ինչը սպասելի էր («Ուրարտուն» առաջնությունում իր գոլերի մեծ մասը խփում է երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին), բայց «Նորավանքը» դժվարությամբ դիմացավ: Գևորգյանի թիմն ի սկզբանե խաղում էր առանց հիմնական աջ պաշտպան Արման Խաչատրյանի (որակազրկված էր), այդտեղ ստիպված հանդես էր գալիս նոմինալ ձախ պաշտպան, թիմի ավագ Արթուր Ավագյանը: Նա էլ վնասվածքի պատճառով առաջին կեսից հետո փոխարինվեց: Թիմը գրեթե ուժասպառ էր: Էլի կատարվեցին հարկադրված փոփոխություններ: «Նորավանքը» ոչ միայն գոլ չընդունեց, այլև կրկնապատկեց իր առավելությունն ու հաղթեց 2-0 հաշվով:
Արդարության համար պետք է ասել, որ «Ուրարտուն» էլ, ընդհանուր առմամբ, վատ հանդիպում չանցկացրեց: Արզումանյանի թիմը թե՛ առաջին, թե՛, առավել ևս, երկրորդ կեսում գոնե մեկ գոլ խփելու համար բավականաչափ պահեր ստեղծեց: Գնդակը թաց էր, ուստի ընդմիջումից հետո գերակշռում էին հեռահար վտանգավոր հարվածները: «Ուրարտուն» ընդհանուր 17 հարված է կատարել, «Նորավանքը»՝ 9: Վերջինիս մեկ դեպքում դարպասաձողը փրկեց, շատ կարևոր էր նաև դարպասապահ Հենրի Ավագյանի դերը, որը 6 «սեյվի» հեղինակ դարձավ: Եթե «Ուրարտուն» երկրորդ կեսի սկզբում հաշիվը հավասարեցներ (դրա բոլոր նախադրյալները կային), ապա կարող էր այլ հանդիպում ընթանալ, սակայն այդպես չեղավ: «Նորավանքը» ծանր պահին կրկին բնավորություն ցույց տվեց, ինչը կոփել էր գավաթային կիսաեզրափակչում, երբ թիմն «Արարատի» դեմ մրցավեճի 35-րդ րոպեից 10 հոգով էր խաղացել, սակայն ի վերջո հիմնական ժամանակում հաղթել ուժեղ մրցակցին: Օգնեց նաև տրիբունաներից մեծ աջակցությունը, ինչը խաղին տոնական մթնոլորտ հաղորդեց: Տպավորեցին թե՛ «Նորավանքի», թե՛ «Ուրարտուի» երկրպագուները:
Այս եզրափակիչը կարող է ճանապարհ բացել մյուսների համար
Հայաստանում երկար տարիներ մարզչական շրջանակը չէր ընդլայնվում: Նույն դեմքերը, նույն մարզչական մտքերը, որոնք հիմնականում թարմություն չէին տալիս հայկական ակումբային ֆուտբոլին: Նույնիսկ եթե նոր դեմքեր հայտնվում էին, ապա լինում էին անպատրաստ, պաշտոնի հասնում ֆուտբոլիստի անցյալ ունենալու շնորհիվ, դրա համար էլ արագորեն հեռանում էին ճանապարհից:
Վ.Գևորգյանն ու Ռ.Արզումանյանն իրենց աշխատանքով ապացուցում են, որ նոր սերնդի մարզիչներին կարելի է վստահել: Ընդ որում, դու կարող ես առաջ գնալ՝ բացարձակապես չլինելով նախկին ֆուտբոլիստ (Վ.Գևորգյան), նաև քեզ դրսևորել, երբ ֆուտբոլիստի բավականին մեծ համբավ ես ունեցել (Ռ.Արզումանյան): «Նորավանքը» ձմռանն ուժեղացրեց կազմը (գավաթային եզրափակիչի մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստներից 8-ը ձմռանն են միացել թիմին), սակայն շատ մեծ է նաև մարզչական աշխատանքը: Արզումանյանն անցած մրցաշրջանում «Ուրարտուին» հասցրեց մրցանակային 3-րդ տեղի, այս մրցաշրջանում՝ 6 տարի անց, դուրս բերեց գավաթի եզրափակիչ: Այո՛, «Ուրարտուն» կարող էր ավելին անել նաև առաջնությունում, թիմը չունեցավ այն առաջընթացն ու կայունությունը, որ սպասելի էր, բայց դա այլ թեմա է:
Ուրախացնող է, որ մարզչական նոր սերունդը կրթված է, նրանք մի քանի լեզվի են տիրապետում, հետևում են ժամանակակից ֆուտբոլի միտումներին ու սովորելու մեծ ցանկություն ունեն, նրանց թիմերը «պրիմիտիվ» ֆուտբոլ չեն խաղում (դա շատ մարզիչների կողմից ենք տեսել՝ բողոքում են լավ կազմեր չունենալուց, մինչդեռ կազմերը լավն են, ուղղակի աշխատելու ցանկություն չի լինում): Մեծ հույս ունեմ, որ, այսպես ասած, առաջամարտիկներ համարվող այս մասնագետները կանգ չեն առնի, այլ կշարունակեն զարգացում ապրել:
Եզրափակչի ընթացքում բախում եղավ 2 մարզիչների միջև: Պատճառներ, իհարկե, եղել են, սակայն երևույթը տգեղ էր: Ի դեպ, Արզումանյանը խաղից առաջ տված հարցազրույցում ասել էր․ «Գնում ենք՝ վայելենք եզրափակիչը, հաղթենք տիտղոսը, մրցակցին ցավեցնենք, բայց խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը գիտի՝ խաղադաշտում ինչ է անում»: Երևում է՝ «ցավեցնել» բառը մոտիվացրել էր «Նորավանքի» ֆուտբոլիստներին: Մրցակցի ավագ Ավագյանը խաղից հետո ասաց․ «Մենք վայելեցինք խաղը և, կարելի է ասել, ցավեցրինք մրցակցին»:
Արզումանյանն իր ասուլիսներում հաճախ է ակնարկներ կատարում մրցակիցների խաղաոճերի վերաբերյալ: Նա նշել էր, որ «Փյունիկն» իրենց դեմ հակագրոհներով է խաղացել, ինչը շատ բանի մասին է խոսում, կամ որ «Արարատ-Արմենիան» ուրախացել էր, որ գնդակի վերահսկողությամբ հաղթել էր «Ուրարտուին»: Ցանկալի կլիներ, որ մեր առաջնությունում ոչ մի թիմ «պրիմիտիվ» ֆուտբոլ չխաղար, սակայն յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Մի կողմ թողնելով բոլոր նախասիրությունները՝ ցանկացած խաղաոճ արդարացված է, եթե դու տվյալ խաղում ավելի շատ գոլային պահ ես ստեղծում, քան մրցակիցդ, իսկ պահերի իրացումն արդեն այլ հարց է, որ հիմնականում ոչ թե մարզչից, այլ ֆուտբոլիստներից է կախված: Այնպես որ, չեմ կարծում, թե խաղաոճերի մասին քննարկումներն ինչ-որ բան են տալիս «Ուրարտուին» կամ Արզումանյանն առհասարակ կարիք ունի նման թեմաներ շոշափելու:
«Նորավանք»․ ի՞նչ սպասել հետագայում
Նախ, հույս ունենանք, որ թիմն ի վերջո իրավունք կստանա մասնակցելու Կոնֆերենցիաների լիգային․ այդ հարցում առայժմ հստակություն չկա:
Եվ հետո, կարևոր է, որ ակումբը կարճաժամկետ հաջողությունից հետո մոռացության չտա երկարաժամկետ նախագծերը: Մենք Հայաստանում ունենք այդ օրինակները: Մասնավորապես, «Արարատ-Արմենիան» ու «Նոան», որոնք հիմնադրվելուց հետո կարճ ժամանակում տիտղոսներ նվաճեցին և, գրգռելով ախորժակը, մտածեցին թիմերն ուժեղացնելու ու ավելիին հասնելու մասին, մինչդեռ ի սկզբանե ցանկություն ունեին ենթակառուցվածքներ ունենալ, մանկապատանեկան ֆուտբոլ զարգացնել և այլն: Ինչքան էլ Հայաստանում հասկանալի պատճառներով արագ արդյունքի հասնել է պետք, բնականոն ճանապարհից շեղվելը նպատակահարմար չէ: Նշված ակումբներից «Նոան» է այժմ փորձում վերադառնալ ավելի գլոբալ հարցերի, իսկ «Արարատ-Արմենիան» դեռ առավելապես մտածում է միայն չեմպիոնության ու եվրագավաթների մասին:
«Նորավանքն» այս առումով կարող է տարբերվել: Ակումբն արդեն ստադիոն ունի Վայքում, որտեղ այս մրցաշրջանում մի քանի խաղ անցկացրեց: Հուսանք՝ խոտածածկի հետ կապված խնդիրները կշտկվեն: Ենթակառուցվածքներ ունի Եղեգնաձորում: Ուշադրություն է դարձնում կանանց թիմին: Վաղուց է հայտարարվել, որ գործուն քայլեր են ձեռնարկվում Վայոց Ձորում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:
Այս հաղթանակը թող ավելի ոգևորի ակումբին և ուղղորդի դեպի նոր կարճաժամկետ նվաճումների, բայց մոռանալ չտա նաև երկարաժամկետ ծրագրերը: